ՀՀ զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ ծավալի պարենով. ՊՆ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

բանակ

Կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակակառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ), ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Մի շարք փոփոխություններ են կատարվել նախապես մշակված ծրագրերում։ Ըստ այդմ` մարտական խնդիրներին չառնչվող պլանային, ոչ հրատապ դահլիճային միջոցառումները չեղարկվել են։

Զինծառայողներին վարակից զերծ պահելու համար ՀՀ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է առողջապահության նախարարության և այլ պատկան մարմինների հետ, իրավիճակը լիովին վերահսկվում է:

Զինծառայողների հարազատներին հորդորում ենք իրենց զավակներին կապոցներ չուղարկել, պահպանել անվտանգության կանոնները, ըմբռնումով մոտենալ կիրառվող սահմանափակումներին:

ՀՀ զինված ուժերն ամբողջապես ապահովված են անհրաժեշտ ծավալի պարենով, հիգենիայի պարագաներով և այլ միջոցներով:

Մեր զինծառայողները շարունակում են անշեղորեն կատարել իրենց պարտականությունները», -  գրել է ՊՆ խոսնակը: