Ախտահանվել են Գյումրու կանգառներն ու փողոցները. բացօթյա առեւտուրը կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

.

Այսօր օրվա ընթացքում ախտահանման աշխատանքներ են իրականացվել Գյումրիում: Ախտահանվել են կանգառները, համաքաղաքային տրանսպորտը, տաքսի ծառայություններ մատուցող ընկերություններին և անհատ տաքսու վարորդներին հորդորվել է ամեն օր իրականացնել մեքենաների ախտահանման գործընթաց:

Որոշվել է, որ ամենօրյա ռեժիմով ախտահանման գործընթաց կիրականացվի կոմունալ ծառայության աղբատար մեքենաներում, կախտահանվեն քաղաքի ողջ տարածքում տեղադրված աղբամանները: Աղբի հեռացումը կիրականացվի օրվա ընթացքում 2 անգամ:

Գյումրու քաղաքապետարանի գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի աշխատակիցները ոստիկանների հետ միասին նաեւ շրջել են քաղաքում,  խոսել բացօթյա առևտուր իրականացնող անձանց հետ, հորդորել դադարեցնել բացօթյա առևտուրը՝ կորոնավիրուսով պայմանավորված հնարավոր վտանգներից խուսափելու համար: Այս մասին տեղեկացնում է Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքը: