Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իռլանդիայի նախագահին Սուրբ Պատրիկի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News   

Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին՝ երկրի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ:

Բարձր գնահատելով հայ-իռլանդական հարաբերությունները՝ նախագահ Սարգսյանն իռլանդացի իր գործընկերոջն ուղղված՝ շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքերի հետ մեկտեղ, անդրադարձել է տարիներ առաջ ունեցած իրենց հանդիպմանը: «Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը որպես Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պաշտոնավարելուս տարիներին և մեր զրույցը մշակույթի, պատմության և հայկական մանրանկարչության մասին»,-մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:

Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգի վրա խարսխված հայ-իռլանդական բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ, իսկ երկկողմ համագործակցության օրակարգը կհամալրվի փոխադարձ հետաքրքրություն ներկա­յաց­նող նախաձեռ­նու­թյուններով:

Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել համագործակցության նոր ուղղություններ նախանշել՝ հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում Իռլանդիայի հաջողությունները: Որպես այդպիսին՝ նախագահ Սարգսյանը առանձնացրել է ATOM (Advanced TOMorrow) նախագահական նախաձեռնությունը, որի նպատակն է ստեղծել բազմաֆունկցիոնալ գիտական և կրթական միջավայր, առաջարկելով բացառիկ փորձառություն տարբեր խմբերի համար՝ երեխաներից մինչև առաջատար կորպորացիաների հետազոտական բաժինների գիտնականներ: