Վարչապետը կոչ է անում, սուպերմարկետներից բացի, գնումներ անել նաև փոքր ու միջին կրպակներից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում, խոսելով արտակարգ դրության մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պարենային շուկայում տեղի է ունենում գնային փոփոխություն՝ հնդկաձավար, ոսպ:

«Սա կապված է այն փաստի հետ, որ մարդիկ, այսպես ասած, ճգնաժամային, խուճապային գնումներ են իրականացնում։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ընդհանրապես, ճգնաժամային գնումներ և խուճապային գնումներ չիրականացնել։ Խանութները, ցանցերը պահեստներում որևէ ապրանքի պակասություն չունեն», - ասել է Փաշինյանը և նշել, թե իրեն ասել են՝ խոշոր սուպերմարկետների ցանցի առևտուրն աճել է միջինում 30-40 տոկոսով, իսկ փոքր կրպակների առևտուրը՝ նվազել։

«Ուզում եմ կոչ անել, որ փոքր և միջին բիզնեսի մասին չմոռանաք։ Հասկանում եմ, որ սուպերմարկետներից շատ ավելի հարմար է առևտուր անել, բայց բազմաթիվ մեծ ծավալի ապրանքներ են կուտակված փոքր և միջին կրպակներում, և դրանք զարմանալիորեն ապրանք սպառելու խնդիր ունեն», - ասել է Փաշինյանը։