Դատարանը վարույթ չի ընդունել Փաշինյանի միջնեկ դստեր հայցադիմումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News   

Շուշան Փաշինյան
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնեկ դստեր՝ Շուշան Փաշինյանի հայցադիմումն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի։

Դատարանը գտել է, որ հայցվորի ներկայացուցչի կողմից չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածի դրույթները, ինչը հիմք է հայցադիմումը վերադարձնելու համար ու այն վերադարձնելու որոշում կայացրել։

Աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի՝ հայցադիմում էր ներկայացրել՝ պահանջելով պարտավորեցնել նրան հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները՝ եւ փոխհատուցել իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի համար։ Վարչապետի դուստրը ներկայացրել էր 2 մլն դրամի գույքային պահանջ։

Հայցի առարկան Ն.Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումն էր հայտնի «իկռայի» վերաբերյալ առ այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր համար ամսական 3 հազար դոլարի սեւ խավիար է գնում Երեւանի ռեստորաններից մեկից։

Հավելենք, որ այս հայտարարության համար Նարեկ Սամսոնյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ սուտ մատնության հոդվածով։ Սամսոնյանը, սակայն, պնդում է, որ տեղեկությունը հարյուր տոկոսանոց ճշմարտություն է։

Աղբյուրը՝ «Փաստինֆո»։