Գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման իրականացման նոր ժամկետներ են սահմանվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք,    որ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման պարտականության իրականացման նոր ժամկետի և կարգի մասին։

Ըստ այդմ՝ պաշտոնատար անձինք 2019թ․ գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիր կարող են ներկայացնել մինչև 2020թ․ մայիսի 31-ը։

2020թ․ հունվարի 1-ից մինչ 2020թ․ ապրիլի 30-ը պաշտոնը ստանձնած կամ պաշտոնը դադարեցրած հայտարարատու անձանց համար պաշտոնի ստանձնման կամ պաշտոնի դադարեցման հայտարարագիր ներկայացնելու ժամկետները երկարաձգվում են մինչև 2020թ․ մայիսի 31-ը։

Հանձնաժողովը նաև հայտնում է, որ հայտարարագրերի էլեկտրոնային հասանելիության, ինչպես նաև լրացման կարգի մասին Հանձնաժողովն անհատապես կծանուցի և կտեղեկացնի բոլոր հայտարարատու անձանց։ Այս առնչությամբ Հանձնաժողովը հավաստիացնում է, որ համակարգի շահագործման ուշացմամբ պայմանավորված՝ հայտարարագրերի լրացման հետ կապված խնդիրները, մասնավորապես՝ Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով սահմանված ժամկետում (2020թ․ մարտի 31-ի դրությամբ) հայտարարագիր չներկայացնելը հայտարարատու պաշտոնատար անձանց համար որևէ հետևանք չի առաջացնի։

Հանձնաժողովը վստահեցնում է, որ յուրաքանչյուր փոփոխության կամ լրացուցիչ տեղեկատվության առկայության պարագայում հայտարարատու պաշտոնատար անձինք կծանուցվեն անհատապես, ինչպես նաև ընդհանուր հաղորդագրության միջոցով, ուստի հորդորում ենք հետևել Հանձնաժողովի պաշտոնական կայքի (www.cpcarmenia.am) և ֆեյսբուքյան էջի միջոցով տարածվող տեղեկատվությանը (CPC Armenia/Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով)։