Արցախում բնակարանաշինության մեծ ծրագիր է իրականացվելու. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

արայիկ

Ստեփանակերտում լայնածավալ շինարարություն է իրականացվելու՝ հինգ տարում 5000 բնակարան: Այս մասին ֆեյսբուքի եթերում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:

«5000 կառուցվող բնակարանները թույլ են տալու լուծել սոցիալապես անապահով խավի բնակարանավորման խնդիրը: Հիփոթեքային նոր աննախադեպ ծրագիր է իրականացվելու, աշխարհում առաջին անգամ կիրառվող մեթոդով: Հիփոթեքը բոլորի համար հասանելի չէ, և առաջին անգամ հիմք կընդունվի ընտանիքի եկամուտը, և եթե քաղաքացու եկամուտը պահանջվածից ցածր է, նա ոչ հարկ է վճարելու, ոչ էլ տոկոս: Պետությունը հանդես է գալու որպես գլխավոր երաշխավոր այս ընտանիքների համար: Սա նշանակում է՝ չի լինելու կանխավճար, իսկ ընթացիկ վճարումների համար, եթե քաղաքացու եկամուտը չի բավարարում, ապա պետությունը այդ մասը լրացնում է և վճարում է այնքան ժամանակ, մինչև ընտանիքի եկամուտն ավելանա և ի վիճակի լինի ինքնուրույն մուծումներ անել: Սա ծանր, բայց հաշվարկված ծրագիր է, եւ  անկախ ամեն ինչից, կյանքի է կոչվելու: Բնակարանային խնդիրը մեր ամենակարևոր սոցիալական խնդիրն ենք համարում և ուզում ենք լիցքաթափել սոցիալական լարվածությունը»:

Այս ծրագրի կարգախոսն, ըստ Արայիկ Հարույթունյանի, հետեւյալն է. յուրաքանչյուր ընտանիքին առանձին բնակարան:

«Շատ երկար եմ մտածել, արդյոք մենք կարողանալու ենք բնակարանաշինության խնդիրը լուծել: Եվրոպական ու այլ զարգացած երկրներում կարևոր չէ բնակարան ունենալը: Ընտանիքը, ազգությունը շատ մարդկանց համար կարևոր չեն, բայց հայի կերպարը գոյատևել է ընտանիքի, եկեղեցու և այբուբենի, մեր լեզվի շնորհիվ և մենք պետք է շարունակենք պահպանել մեր ավանդական ընտանիքը: Արցախցիների համար առավելևս կարևոր է օջախ ունենալը:  Վստահեցնում եմ ձեզ, որ կարողանալու եմ համապատասխան ռեսուրսներ գտնել այս խնդիրը լուծելու համար», ասել է Արայիկ Հարությունյանը: