Ջրային կոմիտեում հղիները և քրոնիկ հիվանդները կանցնեն հեռահար աշխատանքի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ջրայինկոմիտե

Այսօր Ջրային կոմիտեում խորհրդակցություն է անցկացվել, որի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները Կոմիտեի նախագահին զեկուցել են կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների նպատակով իրականացվող աշխատանքների, ՀՀ վարչապետի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականների և դրանից բխող գործողությունների կատարման ընթացքի, ինչպես նաև, իրավիճակով պայմանավորված՝ առաջացած հարցերի մասին: Այս մասին հայտնում են Ջրային կոմիտեից։

Կոմիտեի նախագահին ներկայացվել է ոռոգման և խմելու ջրի համակարգերի ընկերություններում գործող հանձնաժողովների աշխատանքը, խոսվել է արտահերթ նիստերի անցկացման մասին, որտեղ քննարկվել են ՀՀ վարչապետի հանձնարարականով «Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի (COVID-19) պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման պլան»-ից բխող կազմակերպչական հարցեր։

Վարակազերծող լուծույթների մեծ պահանջարկով պայմանավորված, Կոմիտեում քննարկվել է փոխօգնության կարգով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից հեղուկ քլորի որոշակի քանակության տրամադրման հարցը։

Խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է համակարգի կազմակերպություններին՝ ջրօգտագործողների ընկերություններին, «Ջրառ», «Մելիորացիա» և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ներին, սահմանված ընթացակարգով, տարեցների, հղի կանանց և քրոնիկ հիվանդություններ ունեցող աշխատակիցների աշխատանքը կազմակերպել հեռահար կարգով։

Քննարկվել է նաև Կոմիտեի աշխատակազմի աշխատանքը հեռահար կազմակերպելու հնարավորությունը։ Որոշվել է կառույցին սպասարկող տրանսպորտային պարկից առանձնացնել փոխադրամիջոցներ՝ աշխատակիցներին տեղափոխելու նպատակով։

Մասնակիցներին կրկին հորդորվել է՝ վարքականոնների իմացության և իրազեկման նպատակով օգտվել Առողջապահության նախարարության հրահանգներից, որպեսզի առավել արդյունավետ ու օպերատիվ կազմակերպվեն կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարով պայմանավորված միջոցառումները:

Հանձնարարվել է համակարգի կազմակերպություններին՝ խիստ վերահսկողություն սահմանել անձնակազմի առողջական վիճակի և աշխատավայրում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ուղղությամբ։

Կոմիտեի նախագահը նշել է, որ չեղարկվում են արտերկրյա բոլոր գործուղումներն ու միջոցառումները, իսկ ներքինները պետք է իրականացվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Խորհրդակցության ընթացքում Կարեն Սարգսյանն անդրադարձել է նաև Կոմիտեի գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցերի, նոր հանձնարարականներ տվել: