Հայ սամբիստներն անհատական մարզումներ են իրականացնում հեռավար եղանակով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Սամբո

Սամբոյի միջազգային ֆեդերացիան, հաշվի առնելով  կորոնավիրուսի  տարածումը  աշխարհում,  հայտարարել է առաջիկայում նախատեսված բոլոր միջազգային մրցաշարերի, այդ թվում՝ Աշխարհի գավաթի փուլերի, Սամբոյի Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնությունների հետաձգման մասին:

Այս օրերին Սամբոյի եվրոպական ֆեդերացիաները հեռավար կարգով քննարկում են նաև Սամբոյի Եվրոպայի առաջնության հետաձգման հարցը, որի անցկացման ժամկետն է մայիսի 22-24-ը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է նաև, որ համաձայն մարտի 18-ին ֆեդերացիայի մարզային պատասխանատուների մասնակցությամբ հեռավար կարգով անցկացված խորհրդակցության՝ ոչ մի մարզիկ հիվանդ չէ, իսկ առաջիկա մրցումներին պատրաստ լինելու և մարզավիճակը պահելու համար ատլետները անցել են անհատական պարապմունքների ռեժիմի: