Ոստիկանությունը հորդորում է անձնագրային և վիզաների վարչություն այցելել առանց ուղեկցողների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով անձնագրային և վիզաների վարչության, ճանապարհային ոստիկանության վարչական մասի, ինչպես և այլ ստորաբաժանումների վարչական շենքեր այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և միայնակ՝ առանց ուղեկցող կողմնակի անձանց:

«Հարգելի քաղաքացինե՛ր, հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում՝ նաև մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելը, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խնդրում և հորդորում ենք՝
անձնագրային և վիզաների վարչության, ճանապարհային ոստիկանության վարչական մասի, ինչպես և այլ ստորաբաժանումների վարչական շենքեր այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և միայնակ, առանց ուղեկցող կողմնակի անձանց։

Տեղեկացնում ենք նաև, որ, բացի անձնագիր ստանալու և ՀՀ քաղաքացության դիմում ներկայացնելու դեպքերից, մյուս բոլոր գործողությունները հնարավոր է կատարել նաև լիազորված անձի միջոցով, հետևաբար, մեկ անձը՝ կարող է դիմել նաև այլ անձանց համար՝ հասարակ գրավոր լիազորագրի առկայությամբ, իսկ մինչև 16 տարեկան երեխայի համար ցանկացած անձնագրային գործողություն կատարվում է առանց երեխայի պարտադիր ներկայության: Հետևաբար, անձնագրային ծառայություններ այցելելիս զերծ մնացեք երեխաների հետ ներկայանալուց»,-նշվում է հայտարարության մեջ:

Ոստիկանությունը ներկայացրել է նաև օպերատիվ ամփոփագիր` մարտի 19-20-ը հայտնաբերած հանցագործությունների մասին: