ԱՀ ոստիկանությունը մեկնաբանում է Մարտունու քաղաքապետի և կուսակցության վեճում իր աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

ԱՀ

Հաշվի առնելով 2020 թվականի մարտի 18-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքում ճանապարհը փակելու միջադեպի հանրային հնչեղությունը, Արցախի Հանարապետության ոստիկանությունը հարկ է համարում իրազեկել հանրությանը, որ ոստիկանությունը կոչված է նախականխել, կանխելու և խափանել վարչական իրավախախտումները, ապահովել հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ոստիկանությունը: 

«Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուր ոք ազատ է անելու այն ամենն, ինչն արգելված չէ Սահմանադրությամբ կամ օրենքով և չի խախտում այլոց իրավունքներն ու ազատությունները:

Ճանապարհը փակելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելը հակաիրավական արարք է՝ արգելված օրենքներով և խախտում է այլոց իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու և մի շարք այլ իրավունքներ: Հետևաբար, ոստիկանությունը կատարել է օրենքով իր վրա դրված պարտականությունները՝ խափանել վարչական իրավախախտումը, ոստիկանության ծառայողների՝ խոչընդոտը վերացնելու հորդորները և պահանջները տրանսպորտային միջոցների վարորդների կողմից չկատարելուց հետո դրանք տեղափոխել հատուկ տարածք, ինչպես նաև բերման ենթարկել վարույթ պահանջող իրավախախտում կատարած անձանց:

Միաժամանակ իրազեկում ենք, որ ոստիկանությունն ապաքաղաքականացված մարմին է և իրավախախտումները նախականխելու, կանխելու ու խափանելու, ինչպես նաև վարույթ պահանջող իրավախախտումների շրջանակներում ոստիկանության իրականացրած գործողությունները քաղաքական ենթատեքստում դիտարկելը դուրս է տրամաբանության և ողջամտության սահմաններից:

Բոլորին կոչ ենք անում զերծ մնալ հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխման, կանխման և խափանման ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացվող որևէ գործողություն քաղաքականացնելուց», - ասված է հայտարարության մեջ: