«Մարաթուկի» տնօրենը 7 տարի հրամանագրել է բարեկամներին, հափշտակել 7,6 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի քաղաքապետարանի «Մարաթուկ» մշակույթի կենտրոնի տնօրենը 2013-2020 թթ. մշակույթի կենտրոնի տարբեր հաստիքներում հրամանագրել է իր բարեկամներին, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձեր, ինչի հետևանքով վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 միլիոն 600 հազար դրամից ավելի գումար։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստկանությունից:

Բացի դրանից՝ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մշակույթի կենտրոնի տնօրենը կազմակերպության երաժշտական մասի ղեկավարից, մենակատարից և խմբավարից, աշխատանքից ազատելու սպառնալիքով, տարիներ շարունակ պահանջել ու ստացել է նրանց աշխատավարձի մի մասը և յուրաքանչյուր տարվա արձակուրդային գումարները, իսկ աշխատակիցները աշխատանքը չկորցնելու համար ենթարկվել են տնօրենի պահանջներին։ Հիշյալ ապօրինությունների հետևանքով մշակույթի կենտրոնի տնօրենը շորթմամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3 միլիոն 600 հազար դրամից ավելի կաշառք։

Դեպքերի փաստով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։