Քոչարյանի գործով դատավորը վիրահատվել է․ պաշտպանները տեղյակ չեն եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News 

իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգել էր, քանի որ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը վիրահատվել է: Այս տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը: 

Հարցին, թե արդյո՞ք կառաջանա ստացիոնար բուժման կարիք և դրանով պայմանավորված՝ դատավորին փոփոխելու հարց, Բեքմեզյանն ասաց, որ տեղեկատվություն չունի այդ մասին:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չեն եղել դատավորի վիրահատության մասին և իմանալու դեպքում էլ չէր բարձրաձայնի, բայց նշեց, որ ամեն վիրահատություն չէ, որ ունի երկարատև հետվիրահատական շրջան:

«Չգիտեմ, թե երբ է վիրահատվել և ինչ ծանրության վիրահատություն է տարել: Դրա համար չեմ կարող կանխատեսել: Այս իրավիճակում պարտավոր էին մոտավորապես կանխատեսական ձևով ասել, որ, գիտեք ինչ, սա մեկ-երկու շաբաթվա հարց չէ կամ մոտավորապես կանխատեսական ձևով ասել՝ հնարավոր է, որ մյուս շաբաթ նիստ տեղի ունենա»,- նշեց Ալումյանը:

Ճշգրտող հարցին, թե արդյո՞ք իրենց չէին տեղեկացրել, որ դատավորը վիրահատվել է՝ Ալումյանը նշեց. «Այո: Ի տարբերություն այլ իրավիճակների՝ այս անգամ շատ կարևոր էր մեզ համար գոնե կանխատեսական ձևով հասկանալ՝ խոսքը գնում է օրերի մասին, շաբաթների մասին, թե ամիսների մասին: Մեզ ոչինչ այս առումով չասացին»:

Հիշեցնենք, մարտի 17-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով: Այդ մասին կողմերին հայտնել էին հեռախոսազանգի միջոցով, սակայն Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպանները դա գնահատելով ոչ պատշաճ իրազեկում, գնացել էին դատարան սպասելով, որ իրավասու անձը կներկայանա ու կտեղեկացնի նիստի հետաձգման պատճառների մասին: Փաստաբանները նիստերի դահլիճից հեռացել են, երբ դատարանի իրավասու աշխատակիցը նիստերի դահլիճում տեղեկացրեց նիստը հետաձգվելու մասին:

Նկատենք, որ դրա նախօրեին մարտի 16-ին, երկրորդ նախագահի փաստաբանները դատարան էին մուտքագրել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորումը, նախկին 4 վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը: Պաշտպանական կողմը կասկածներ էր հայտնել, որ նիստի հետաձգումը կատարվել է դիտավորյալ` խոչընդոտելու համար միջնորդության քննարկման ժամանակ չորս վարչապետների ներկայությունը դատական նիստին:

Տեսանյութեր

Live

Լրահոս