Այցելուն հնարավորություն կունանա տանից շրջայց կատարել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

խաչատրյան

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ևս, ինչպես հանրապետության  մյուս մշակութային օջախները, կորոնավիրուսի տարածման կանխարգելման  նպատակով հայտարարված արտակարգ իրավիճակի կապակցությամբ  անցել է առցանց աշխատանքային ռեժիմի: Տուն-թանգարանը միացել է ՀՀ ԿԳՄՍՆ   «Տնից՝ թանգարան» նախաձեռնությանը և մշակել է մի շարք առցանց ծրագրեր՝ նպատակ ունենալով շարունակել հանրահռչակել Արամ Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը, մեր հետևորդներին ներկայացնել դասական երաժշտության գոհարները, ապահովել տարբեր տարիքային խմբերի կրթամշակութային ներգրավվածությունը:   Առցանց հարթակում մեր այցելուներին առաջարկում ենք «360 stories» ցանցում վիրուալ շրջայց կատարել տուն-թանգարանում, ծանոթանալ տուն-թանգարանի մշտական ցուցադրությանը: «Մեկ ցուցանմուշի պատմություն», «Թանգարանի ինտերակտիվ ձայնադարանից», «Տեսաֆիլմեր», «Ընթերցանության ժամ. Նամականի», շարքերը ներառում են լուսանկարներ՝ ուղեկցված հետաքրքրաշարժ պատմություններով,   տեսանյութեր, վիկտորինայի ձևաչափով ինտերակտիվ հարցումներ և այլն: Նախատեսում ենք նաև մեր այցելուների շրջանում մեծ ոգևորություն և ճանաչում գտած «Հնչյուններ և գույներ» կրթական ծրագիրը նույպես  անցկացնել այս հարթակում: Մարտի 22-ին, ժամը՝ 14:00-ին բոլորին՝ առանց տարիքային սահմանափակման հրավիրում ենք մասնակցելու  այս ծրագրին: Համագործակցելով այլ թանգարանների հետ՝ տուն-թանգարանը ներգրավվել է նաև միջթանգարանային ծրագրերում: Տուն-թանգարանի աշխատակիցներն այս օրերին մշակում են նաև կրթական, ժամանցային այլ ծրագրեր, որոնք  առավել գրավիչ կդարձնեն առցանց հարթակը: