Արտավազդ Սահակյան. «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ». «Առավոտ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

սահակյան

Ճանաչված բժիշկ Արտավազդ Սահակյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որով  ըստ էության զորակցում էր կառավարությանը, կոչ անում կիրառել խստագույն միջոցառումներ՝ մարդկանց տեղաշարժը և շփումը բացառելու համար, նկատի ունենալով այն, որ Երևանի փողոցներում առայժմ տիրում է աշխուժություն  եւ եռուզեռ:
Ոստիկանությունից պահանջել էին հեռացնել գրառումը, ինչը եւ արել է  ՀՀ վաստակավոր բժիշկը: Ի դեպ, նրա գրառումը հրապարակվել է բազմաթիվ կայքերում:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սահակյանը շեշտեց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, բայց հարկ համարեց նշել հետեւյալը. «Որպես առողջապահության ոլորտի աշխատակից՝ ասել եմ այն, ինչ ինձանից հետո առողջապահության  նախարարն է ասել, որ մարդիկ պետք է քիչ շփվեն, կարգ ու կանոն պահեն, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ: Կենտրոնի ոստիկանությունից երկու երիտասարդ եկան եւ շատ հարգալից ասացին, որ իմ հոդվածը խուճապածին է:

Բացատրեցի, որ ես ասել եմ նույնը, ինչ կառավարությունը, բայց մեկ է՝ իրենք, ասելով, որ մինչեւ քանի տարի ժամկետով ազատազրկման մասին է խոսքը, պահանջեցին, որ ջնջեմ, ինչը եւ արվեց; Հետաքրքիրն այն  է, որ սա իմ առաջին ելույթը չէր: Մի քանի օր առաջ պահանջեցի, որ պետք է դպրոցները փակել, եւ Կառավարութունը մեկուկես ժամ հետո նույնը արեց: Հիմա սա, ինչ  ասել եմ, նախարարն էլ է ասել: Որեւէ արտառոց բան չեմ տեսնում գրառման մեջ, միայն զարմանում  եմ այն մարդկանց վրա, որոնք ուղարկել են այդ  երիտասարդ սպաներին: Ճիշտ է, նրանք ինձ հետ շատ հարգալից էին եւ հետո իրենք հրաման էին կատարում»: