Դատախազությունը բողոքարկել է Արմեն Թավադյանի կալանավորումը վերացնելու՝ Վերաքննիչի որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News 

իրավական

Դատախազությունը Վճռաբեկ բողոք է ներկայացրել «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի  նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու մասին վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնեց Դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Հիմք է ընդունվել նախ՝ վիճարկվող դատական ակտը  բացարկման ենթակա դատարանի կողմից կայացված լինելու հանգամանքը, ինչպես նաև այն, որ կայացված որոշումը որևէ կերպ պատճառաբանված չէ, անհիմն է և անօրինական: Մասնավորապես՝ չի բերվել որևէ պատճառաբանություն, թե ՀՀ Վճռաբեկ դատարանի համապատասխան իրավական դիրքորոշմամբ արտահայտված՝ կազմակերպված խմբին բնորոշ հիմնական առանձնահատկություններից որի կամ որոնց վերաբերյալ է ապացույցը բացակայում: Հիմնավոր կասկածի գնահատման առումով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դիրքորոշումը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածին, ինչպես նաև դրա վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ-ի՝ մի քանի գործերով արտահայտված իրավական դիրքորոշումներին»,- նշեց Խաչատրյանը:

Խաչատրյանի փոխանցմամբ՝ Դատախազությունը պնդում է, որ առկա են Ա. Թավադյանին կալանքի տակ պահելու հիմքերը՝ մասնավորապես կապված ազատության մեջ մնալու պայմաններում նրա կողմից գործի քննությանը՝ քրեական դատավարության մասնակցող անձանց, այդ թվում նաև մյուս մեղադրյալի վրա անօրինական ազդեցություն գործադրելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով խոչընդոտելու, վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու բարձր հավանականության հետ:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Արմեն Թավադյանին մեղադրում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառելու համար, որ դատարանում սուտ ցուցմունք տա։