Ինչպես տրանսպորտի ախտահանման լուսանկարը հայտնվեց Тhe Guardian-ի լավագույն լուսանկարներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

քաղաքապետարան

Բրիտանական Դը Գարդիան (The Guardian) պարբերականը հանգստյան օրերի լավագույն լուսանկարների շարքում հրապարակեց Երևանի հասարակական տրանսպորտի ախտահանման կադրերից մեկը: Հեղինակը Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ Արթուր Հարությունյանն է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:



«Արդեն 8 տարի է՝ զբաղվում եմ լուսանկարչությամբ: Աշխատելով Երևանի քաղաքապետարանում՝ հիմնականում լուսանկարում եմ պաշտոնական հանդիպումներ, քննարկումներ, որտեղ ստեղծագործելու հնարավորությունն ավելի քիչ է: Այդ օրն աշխատում էինք արագ և արտակարգ ռեժիմով, ու առաջին պահին այդ տեսարանը հիշեցնում էր ֆիլմից մի դրվագ: Մեր առջև խնդիր էր դրված՝ հնարավորին շուտ քաղաքացիներին տեղեկացնել ախտահանման աշխատանքների մասին: Լուսանկարն ստացվեց պատահաբար ու մեր թիմային աշխատանքի շնորհիվ: Օպերատորը տրոլեյբուս էր բարձրացել հակառակ մուտքից, տեսնելով լույսի հետաքրքիր անդրադարձը, շտապեցի գրանցել պահը», -պատմում է Արթուր Հարությունյանը:



Այսօր Երևանի քաղաքապետարանի լրատվականը շարունակում է աշխատանքը՝ առաջինը հանրությանը ներկայացնելով քաղաքային կյանքի կարևոր իրադարձություններն ու նաև նոր կորոնավիրուսի կանխարգելմանը միտված քաղաքային իշխանության միջոցառումները:

Խնդրում ենք հետևել պաշտոնական լրահոսին: