Դատարանը մերժեց Քոչարյանի կալանավորումը փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի   

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

քոչարյան պաշտպաններ դատ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվեց մակագրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի։ 

Ի պատասխան Ռ․ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիմումի՝ դատարանից հիշեցրել են, որ սույն քրեական գործը գտնվում է դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում։ 

«Հետևաբար, նշված միջնորդության քննությունը գտնվում է բացառապես վարույթն իրականացնող մարմնի՝ գործը քննող դատավորի լիազորությունների շրջանակում»։

Նշենք, որ Ռ․ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն իր հերթին կապ է հաստատել դատավոր Դանիբեկյանի աշխատակազմի հետ, որտեղից պատասխանել են, որ դատավորը դեռ վատառողջ է։ Աշխատակազմը տեղեկություն չուներ, թե երբ նա կկարողանա աշխատանքի գալ։ 

Աննա Դանիբեկյանը սովորաբար դատական նիստերը նշանակում է երեքշաբթի օրերին, սակայն մինչ այս պահը Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը չի ծանուցվել վաղվա՝ մարտի 24-ի նիստի մասին։

Հիշեցնենք, որ սույն քրեական գործով հերթական դատական նիստը, որը նշանակված էր մարտի 17-ին, չի կայացել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Դանիբեկյանը վիրահատություն է տարել։
Մարտի 17-ին Փաստաբանական թիմը պատրաստվում էր ներկայացնել Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։
Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխարինելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս