Հակոբ Արշակյանը պարզաբանել է նախարարությունում 10 միլիոն դրամի չարաշահման դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում պարզաբանումներ է ներկայացրել իրենց նախարարությունում 10 մլն դրամի առերևույթ չարաշահումների վերաբերյալ, որի վերաբերյալ նախօրեին հաղորդագրություն էր տարածել Գլխավոր դատախազությունը:

Ըստ նախարարի՝ նախարարությունում համակարգչային սարքավորումների եւ ցանցային սերվերների ձեռբերման համար հայտարարված է եղել մրցույթ: Մրցույթին մասնակցել են մի քանի ընկերություններ, որոնցից մեկը հաղթել է այն որոշակի գնով:

«Այդ հաղթողը մատակարարել է համակարգչային սարքավորումները, որոնք որոշ ժամանակ անց պարզվել է, որ չեն համապատասխանում իրենց տեխնիկական բնութագրերին: Պարզվելուց անմիջապես հետո կազմվել է համապատասխան գրություն և իմ կողմից ուղարկվել է գլխավոր դատախազին: Տեղի են ունեցել համապատասխան գործողություններ, և հարուցվել է նշված քրեական գործը»,-նշել է նախարարը, ապա հավելել, որ դեռ կան անբերախիղճ մատակարարներ, որոնք կարծում են, թե կարող են մատակարարել տեխնիկական առաջադրանքներին չհամապատասխանող ապրանքներ ու ծառայություններ, և այդպես անցնի, գնա:

«Կամ հետո գան, ասեն՝ դե, կարող ենք փոխարինել, մենք չէինք նկատել: Ուզում եմ ասել, որ տարբեր մակարդակներով խոսվել է սրա մասին՝ սկսած ճանապարհաշինությունից, տրանսպորտից: Նույնիսկ վարչապետի կողմից է խոսվել սրա մասին բազմիցս: Մեր քաղաքական թիմը հանդուրժող չի լինելու այսպիսի երևույթների նկատմամբ»,-ասել է նախարարը և հույս հայտնել, որ ամեն բան կպարզվի, և մեղավորները կպատժվեն:

Տեսանյութը՝ ստորև: