ՀՀ-ն աջակցում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ աշխարհում զինադադար հաստատելու կոչին. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

անտոնիո

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին:

«Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ ուղղված աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելուն, մինչ մարդկությունն առերեսվում է ընդհանուր թշնամի՝ կորոնավիրուսին», - գրել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նշենք, որ ավելի վաղ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո դիմել էր պատերազմող երկրներին՝ զինադադարի հաստատելու կոչով։ Նա հորդորել է միասնական պայքարել վարակի դեմ, որն ավերում է աշխարհը։ 

«Եկեք վերջ տանք պատերազմներին և պայքարենք վարակի դեմ, որն ավերում է մեր աշխարհը։ Ահա թե ինչու եմ այսօր ես կոչ անում, որ  աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ հրադադար հաստատվի։

Ժամանակն է մի կողմ դնել զինված հակամարտությունները և միասին կենտրոնանալ մեր կյանքերը փրկելու համար մղվող պայքարի վրա։ 

Ես պատերազմող կողմերին կոչ եմ անում՝ մի կո՛ղմ դրեք թշնամանքն ու անվստահությունը, լռեցրե՛ք զենքերը, վե՛րջ դրեք հարձակումներին։ Սա կենսական նշանակություն ունի»,-ասել է Գուտերեշը։