Գրիբոյեդովի փողոցում կայանված մեքենաների հայելիները գողացողը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News 

Մարտի 19-ին, ժամը 13.15-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնում գողությունների վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Ահազանգողը հայտնեց, որ գողացել են Գրիբոյեդովի փողոցի 1-ին նրբանցքում կայանված «Հոնդա», «Տոյոտա» և «Միցուբիշի» մակնիշի յոթ ավտոմեքենաների կողային հայելիները։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տեղում անհրաժեշտ գործողություններ կատարելուց հետո անցավ հետախուզական միջոցառումների իրականացմանը։ Հետևողական աշխատանքի արդյունքում Արաբկիրի ոստիկանները տեղեկություններ ձեռք բերեցին, որ կասկածվողը Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան փողոցի բնակիչ է։ Որոնողական միջոցառումների արդյունքում 38-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Գողացված հայելիները հայտնաբերելու և դեպքերի հանգամանքները պարզելու միջոցառումները շարունակվում են։