Նոր վիրուս՝ Չինաստանում. հանթավիրուսից երկրում առաջին մահվան դեպքն է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

հանթավիրուս

Չինաստանի Յունան նահանգում գրանցվել է նոր տեսակի վիրուսից՝ հանթավիրուսից, մահվան առաջին դեպքը։ Այս մասին Twitter-յան միկրոբլոգում գրել է «Global Times»-ը։

Յունան նահանգի բնակիչը մահացել է հասարակական տրանսպորտում, որը ուղևորվում էր Շանդուն։ Բժիշկները ստուգել են նույն ավտոբուսում գտնվող բոլոր ուղևորներին։ Առայժմ այլ վարակվածների մասին տեղեկություն չկա։

Շվեդ գիտնական, դոկտոր Սումայա Շայխը Twitter-յան բլոգում գրել է. «Այդ վիրուսն առաջին անգամ ի հայտ է եկել 1950-ականներին Կորեայում՝ ամերիկա-կորեական պատերազմի ժամանակ։ Այն տարածվում է առնետների, մկների միջոցով։ Խնդրում ենք խուճապ չստեղծել, եթե իհարկե չեք պատրաստվում առնետ ուտել»։

Նշենք, որ հանթավիրուսի ախտանշաններն են գլխացավ, թուլություն, հազ, մարսողական խնդիրներ, փսխում: Հանթավիրուսի դեմ որևէ բուժում կամ պատվաստանյութ դեռևս գոյություն չունի: Վիրուսը տարածվում է հիմնականում կրծողների միջոցով և մարդուց մարդ է փոխանցվում միայն հազվադեպ դեպքերում: