Ալեն Սիմոնյանը՝ Ծառուկյանի քննադատության և Մարուքյանի «դեմագոգ» արտահայտությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

ալեն

«Եթե Էդմոն Մարուքյանը քաղաքացիների կողմից արժանացել է «ձեռառնոցիի», միգուցե ամպագոռգոռ կամ դեմագոգիկ արտահայտություններից առաջ մտածի, որ նման արտահայտությունները կարող են նման արձագանք ունենալ»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Պաշտոնյան անդրադարձել է նաև իշխանության գործողությունների վերաբերյալ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գնահատականներին:

«Դե, երբ մարդկանց առանձնացնում էինք Ծաղկաձորում, ասում էր՝ ոնց կարելի ա նման բան անել: Կողքից խորհուրդներ տալը շատ հեշտ է: Ինձ հետաքրքրիր չէ՝ ինչ է խոսում իմ ընդդիմախոսը: Միշտ կողքից ամեն մեկը կարող է ինչ-որ բան ասել: Մենք, որևէ մեկի կաշին քերթելով, բյուջե չենք լցնում, ինչպես Գագիկ Ծառուկյանն է ասում, ուղղակի մարդիկ դուրս են գալիս ստվերից: Նա, ով հարկեր վճարելը համարում է կաշի քերթել,  լավ չի պատկերացնում հարկեր վճարելու պարտականությունը», -  ասել է ԱԺ փոխխոսնակը: