Կորոնավիրուսով վարակված, բայց բուժում չստացող քաղաքացիները կտեղավոխվեն հյուրանոցներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Հիվանդանոցային հնարավորությունները ճիշտ կառավարելու խնդիր կա ՀՀ-ում, քանի որ կան պացիենտներ, որոնց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, բայց նրանց վիճակը թեթև է, որևէ բուժում չեն ստանում: Այս մասին կառավարության նիստի ժամանա հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նրանց հիվանդանոցում գտնվելն արդարացված չէ: Այսօր պարոն Ավինյանի և պարոն Թորոսյանի մասնակցությամբ ունեցանք քննարկում և որոշեցինք, որ թեթև դեպքերին, որոնք, ըստ էության, մեծամասնությունն են, փորձենք աշխատել հյուրանոցների հետ, որպեսզի տեղավորենք նրանց հյուրանոցներում՝ ապահովելով սնունդն ու այլ կարիքներ:

Պետք է շարունակենք այս քաղաքականությունը: Սա նաև օգտակար է տնտեսության առումով, քանի որ հյուրանոցները այսօր դատարկ են: Այստեղ իհարկե, որոշակի բարդույթներ կլինեն, հյուրանոցները կվախենան իրենց բրենդի հետագա մրցունակության հետ կապված, բայց հյուրանոցները պարտավոր են ժամանակ առ ժամանակ ախտահանել իրենց սենյակները: Հիմա էլ կարող են բազմաթիվ դեպքեր լինել, որ  տարբեր հիվանդություններով մարդիկ այդ հյուրանոցներում բնակվում են: Կորոնավիրուսից հետո էլ այդ սենյակների հետ ոչ մի վատ բան չի պատահի, առավել եւս եթե ախտահանվեն հետո»,-ասել է վարչապետը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ այդ ցուցումները հստակ կտրվեն, և որ այսօր էլ ախտահանվում են այն 7 վայրերը, որտեղ կան մեկուսացած մարդիկ:

Ըստ Փաշինյանի՝ պետք է բանակցել հյուրանոցների հետ, որ այնպիսի գին սահմանվի, որը չի կարող շուկայական լինել. «Մենք, իհարկե, արտակարգ դրության պայմաններում ունենք հնարավորություն վարչական որոշումով հարցը լուծել, բայց այդ ճանապարհով չենք գնա, կբանակցենք հյուրանոցների հետ, որոշակի գին կպայմանավորվենք»: