Կառավարությունը սահմանեց հանքերի իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալների շրջանակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News 

հասարակական

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 26-ի նիստում որոշում է կայացրել սահմանել, որ ենթակա է հրապարակման հանքերի իրական սեփականատերերի վերաբերյալ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացված հայտարարագրում առկա բոլոր տեղեկությունները, բացառությամբ ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթի տվյալների, այդ թվում՝ հանրային ծառայության համարանիշի, ինչպես նաև նրանց հաշվառման և բնակության հասցեների մասին տեղեկատվության:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ըստ ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի պահանջների` իրական սեփականատերերի բացահայտման պարտավորություն ունեցող իրավաբանական անձինք՝   մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման  և մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող կազմակերպությունները մինչև փետրվարի 20-ը Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր են ներկայացրել իրենց կազմակերպության` ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի փետրվարի 5-ի «Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ձևը, լրացման և ներկայացման կարգը հաստատելու մասին» N 36 հրամանով սահմանված իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիրը:

Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը բխում է Հայաստանի Հանրապետությունում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) իրականացման շրջանակում ստանձնած պարտադիր կատարման ենթակա պարտավորությունից, ինչպես նաև ՀՀ Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) 4-րդ գործողությունների ծրագրի «Իրական սեփականատերերի բաց, հանրային գրանցամատյանի ներդրում» հանձնառությունից:

ԱՃԹՆ-ն պահանջում է, որ իրական սեփականատերերի վերաբերյալ ամբողջական տվյալները առանց սահմանափակումների և անվճար հասանելի լինեն հանրությանը:

Ներկայացված իրավական ակտի նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրով ներկայացված տվյալների շրջանակը, որը առանց սահմանափակման և պետական տուրքի վճարման հասանելի է հանրությանը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում: