Առաջարկում եմ կառավարությանը դիմել ԵՄ-ին՝ կորոնավիրուսի հարցում աջակցության խնդրանքով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

աշոտյան

«Եվրոպական Միությունը, չնայած իր ներքին խնդիրներին ու ճգնաժամին, այնուհանդերձ պատրաստակամություն է հայտնել հարևանության ծրագրի շրջանակներում աջակցություն ցուցաբերել որոշ երկրներին»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Երեկ ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով կոմիսար Օլիվեր Վարհելին հայտարարեց, որ Արևմտյան Բալկանների երկրներին COVID-19 համաճարակի դեմ պայքարի շրջանակներում ԵՄ-ն պատրաստվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել։

Մասնավորապես, ԵՄ-ն որոշել է այդ երկրներին հրատապ կարգով 38 մլն եվրոյի աջակցություն ցուցաբերել՝ որը կուղղվի առողջապահության ոլորտին։ Բացի այդ, ևս 373 մլն եվրո ԵՄ-ն պատրաստվում է հատկացնել այդ երկրներում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման և առողջացման նպատակով։

Հերթական առաջարկությունն եմ անում կառավարությանը՝ անկախ նրանից, կլսեն, թե ոչ․ (կյանքը ցույց տվեց, որ իմ առաջարկներին մեր ԱԳՆ-ում ականջալուր չեն լինում, այնուհետև դրանք ուրիշների կողմից են կյանքի կոչվում)։

Այնուամենայնիվ, առաջարկում եմ Արևելյան Գործընկերության երկրների հետ նախաձեռնել համատեղ դիմում Եվրոպական Միությանը՝ կորոնավիրուսի համաճարակի հարցում աջակցության և համագործակցության խնդրանքով։

Հայաստանի կողմից այս հարցում նախաձեռնողականությունը իմիջային տեսանկյունից վստահաբար կարևոր նշանակություն կունենա, միաժամանակ ստեղծված բարդ իրավիճակում ԵՄ աջակցությունը նույնպես չէր խանգարի եւ առողջապահական, եւ տնտեսական ոլորտներում»,- ասված է գրառման մեջ։
 

Տեսանյութեր

Live

Լրահոս