Արցախի Շահումյանում ձևավորվել է կորոնավիրուսի դեմ աշխատանքները համակարգող շտաբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

արցախ

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-2019) կանխարգելման և կայուն համաճարակային վիճակի պահպանման նպատակով ինչպես Արցախի հանրապետության ողջ տարածքում, Շահումյանի շրջանում ևս իրականացվում են բոլոր կանխարգելիչ միջոցառումները: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Շրջանում ձևավորվել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները համակարգող շտաբ՝ վարչակազմի ղեկավար Գ. Մարտիրոսյանի գլխավորությամբ, որի կազմում ընդգրկված են առողջապահության, ուժային կառույցների և սոցիալական ոլորտի ներկայացուցիչներ: Պարբերաբար անց են կացվում նիստեր՝ հետագա աշխատանքները ծրագրելու և ստեղծված իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու նպատակով:

Համայնքապետերին տրվել է ուղեցույց, հրահանգավորվել են բնակչության շրջանում կատարել իրազեկման աշխատանքներ՝ վարակի ներթափանցումը թույլ չտալու համար: Բնակչությանը կոչ է արվել հնարավորինս մնալ տանը, ախտանիշների ի հայտ գալու դեպքում՝ դիմել բժշկի:

Շահումյանի շրջանային բուժմիավորումն ապահովված է անհրաժեշտ բժշկական պարագաներով, նախատեսված են համապատասխան սենյակներ՝ անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի վարակով կասկածվող անձանց մեկուսացնելու համար: Դպրոցներն անցել են հեռավար ուսուցման. դասապրոցեսները կազմակերպվում են առցանց: