«Էրեբունի պլազա» ներխուժած երիտասարդը ճանաչվել է անմեղսունակ. ՀԺ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

էրեբունիպլազա

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած եւ կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանը ճանաչվել է անմեղսունակ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ Թորոսյանի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա-պարանոիկ հիվանդությունը, ինչով պայմանավորված էլ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու եւ անվտանգության միջոց ընտրելու համար: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն էլ, դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, վերացրել է խափանման միջոց կալանավորումը եւ կիրառել անվտանգության միջոց. Թորոսյանը դարձյալ տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական հիմնարկ:

Հարցին՝ տվյալ դեպքում նրա տված ցուցմունքները ճանաչվելո՞ւ են անարժանահավատ, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց. «Եզրակացության մեջ նշված է, որ նա տառապել է եւ տառապում է նշված հոգեկան հիվանդությամբ, այսինքն՝ նրա ցուցմունքներին որեւէ իրավական գնահատական տրվել չի կարող, նաեւ նշված է, որ նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին»: Ըստ պաշտպանի՝ սա ենթադրում է, որ նախաքննության ավարտից հետո, երբ գործը ուղարկվի դատարան, սահմանված ընթացակարգի համաձայն՝ այն քննվելու է հատուկ կարգով. «Այսինքն՝ դատարանը որոշելու է անմեղսունակության վիճակով քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձի հարկադիր բուժման, այլ ոչ թե քրեական պատասխաանտվության եւ պատժի հարցը»:

Այլ մանրամասներ պաշտպանը ներկայացնել չկարողացավ, քանի որ եզրակացությունը նրա ձեռքի տակ չէր:

Նշենք, որ օրենքի համաձայն՝ անմեղսունակ է այն անձը, ով քրոնիկ հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ հոգեկան այլ հիվանդագին վիճակի հետևանքով չէր կարող գիտակցել իր գործողության (անգործության) վտանգավորությունը կամ ղեկավարել դա: Տվյալ դեպքում նա ենթակա չէ քրեական պատասխանատվության:

Հիշեցնենք՝ հունվարի 23-ին Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» եւ կրակոցներ արձակել: Նրա հետ բանակցություններ էր վարել անձամբ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ինչի արդյունքում նա հանձնել էր զենքը, ապա՝ վնասազերծվել: Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել վտանգավոր եղանակով գույքի դիտավորյալ վնասման եւ զենքի գործադրմամբ պատանդ վերցնելու համար, ինչը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, եւ պայմանավորված հարցաքննության ժամանակ տված ոչ տրամաբանական պատասխաններով (նա նշել էր, թե Արթուր Թորոսյանը ցանկացել  է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, եւ պարզել, թե իրեն ինչու են ծրագրավորել)՝ դատահոգեբուժական փորձաքննություն էր նշանակվել: