Լեյտենանտ ջան, բա դիմակ չառնե՞մ, ի՞նչ վարչական տույժ. մարդկանց արձագանքը՝ խստացումներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News 

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 24-ից մինչև մարտի 31-ը խստացվել է արտակարգ դրության ռեժիմը: Հայաստանի ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվել է պարտադիր ինքնամեկուսացում։ Թե որքանով են քաղաքացիները հետևում այս պահանջներին, վերահսկում է ոստիկանությունը։

24News-ը շրջել է Երևանի փողոցներում՝ հասկանալու, թե ինչպես է ոստիկանությունն իրականացնում վերահսկողությունը և պարզելու՝ տեղեկացվա՞ծ են արդյոք քաղաքացիները և ի՞նչ են կարծում նոր խստացումների վերաբերյալ: 

«Ավելի շուտ պետք է խստացնեին: Ձևաթուղթն ամեն դուրս գալուց վերցնում ենք», - ասաց քաղաքացիներից մեկը: 

Մի քանիսը մեզ հետ զրույցում նշեցին, որ միայն խիստ անհրաժեշտության դեպքում են տնից դուրս գալիս՝ կարգը պահպանելով: 

Կային քաղաքացիներ էլ, որոնք տեղյակ չէին նոր խստացումներից: 

Ոստիկանի ճշտող հարցին, թե ձևաթուղթ կա՞, թե՞ ոչ, քաղաքացիներից մեկն այսպես արձագանքեց. «Լեյտենանտ ջան, բա դիմակ չառնե՞մ, ի՞նչ վարչական տույժ: Էդ թուղթը որտեղի՞ց վերցնենք»: 

Ոստիկանության աշխատակիցներից մեկի խոսքով՝ մինչև ժամը 16:00-ն բացատրական աշխատանքներ են իրականացնում ձևաթուղթ չունեցող քաղաքացիների հետ, ինչից հետո քաղաքացին լրացնում և իր հետ է վերցնում իրեն տրամադրված ձևաթղթի օրինակը:

Տեսանյութեր

Live

Լրահոս