Պարետը ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ նոր որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News   

Ավինյան

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ`

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները՝ համաձայն հավելված N 1-ի:

2. Սահմանել, որ սույն որոշման hավելված N 1-ի համաձայն տնտեսական գործունեության չարգելված տեսակներով թույլատրվում է զբաղվել բացառապես սույն որոշման hավելված N 2-ով սահմանված կանոնների պահպանման, իսկ որևէ կոնկրետ տնտեսական գործունեության տեսակն իրականացնելու համար անձի կամ անձանց անցանց (անմիջական, ֆիզիկապես) ներկայության անխուսափելի անհրաժեշտության դեպքում՝ հետևյալ կանոնների պահպանման պարագայում.

  • 1) Բացառել մարդկանց կուտակումները, իսկ կուտակումներ առաջանալու հավանականության դեպքում ապահովել մարդկանց մուտքի գործընթացի կառավարմանն ուղղված միջոցառումներ՝ սահամանափակելով մարդկանց մուտքը փակ տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը.
  • 2) Առևտրի կետերի վճարման տաղավարների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վաճառքի տաղավարների մոտ առնվազն իրարից մեկ մետր հեռավորությամբ իրականացնել գծանշում՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով.
  • 3) Հավելված N 1-ով չարգելված՝ պարենային և/կամ ոչ պարենային ապրանքների վաճառք իրականացնող առևտրի օբյեկտները յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00- 12։00-ը, սպասարկում են միայն կենսաթոշակային տարիքի անձանց՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը:

3. Պարետի պահանջով և ՀՀ առողջապահության նախարարության պատվերով կամ պահանջով ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման, դրա հետևանքների վերացման կարիքներից ելնելով կամ այլ առանձնահատուկ նպատակներով՝ սույն որոշման hավելված N 1-ի համաձայն արգելված տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող առանձին սուբյեկտների կողմից համապատասխան աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը:

4. Սույն որոշման հավելված N 1-ով չարգելված տնտեսական գործունեության որոշ տեսակների համար գործում են հետևյալ սահմանափակումները.

  • 1) Հավելված N 1-ի ցանկի «61»-րդ (հեռահաղորդակցություն) խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտները քաղաքացիների սպասարկումն իրականացնում են առցանց կամ հեռավար եղանակով և միայն անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով.
  • 2) Հավելված N 1-ի ցանկի «D» (Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում) և «E» (Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում) հատվածներին դասվող տնտեսվարող սուբյեկտները գործունեությունն իրականացնում են անհրաժեշտ նվազագույն անձնակազմով, անհետաձգելի և վթարային աշխատանքներ իրականացնելու նպատակով, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանցից հայտերն ընդունվում են բացառապես հեռախոսակապի միջոցով կամ առցանց.
  • 3) Հավելված N 1-ի ցանկի «K» հատվածին (Ֆինանսական և ապահովագրական գործունեություն) դասվող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունն իրականացվում է անհրաժեշտ նվազագույն ծավալով՝ կանխիկ դրամաշրջանառությունը ապահովելու և քաղաքացիների ու իրավաբանական անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու նպատակով:

5. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ապահովել սույն որոշման պահանջների հետ կապված տնտեսվարող սուբյեկտներին պարզաբանումներ տալու գործընթացը։

6. ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝ 4) ապահովել տնտեսվարող սուբյեկտների կողմից սույն որոշման պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն. 5) երկօրյա պարբերականությամբ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18-ի Ց/10- 2020 ցուցման համապատասխան Պարետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:

7. ՀՀ կառավարության անդամներին, ՀՀ կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին (առաջարկությամբ)՝ ապահովել սույն որոշման իրականացումը:

8. Ուժը կորցրած ճանաչել Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի՝ «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 14 և 2020 թվականի մարտի 25-ի՝ «Պարետի 2020 թվականի մարտի 24-ի N 14 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 17 որոշումները:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին և գործում է մինչև 2020 թվականի մարտի 31-ը ժամը 23:59-ը: