50-ամյա գյումրեցու գրպանում հայտնաբերվել է թմրանյութով ներարկիչ. նա բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Մարտի 24-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Գյումրիի Արամ Խաչատրյան փողոցի 50-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում:

Նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, կասկածվողը Գյումրիի Մինաս Ավետիսյան փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Ախուրյանի բաժին:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնավուն հեղուկով 5 մլ տարողությամբ ներարկիչ:

Ըստ բերման ենթարկվածի` ներարկիչում թմրամիջոց է, ինքն է պատրաստել իր օգտագործման համար` պիրալգինի, բենզինի և այլ նյութերի խառնուրդից:

Թմրամիջոցն առգրավվել է:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: