Կոչ ենք անում կառավարությանը սահմանել տեղեկությունները լրատվամիջոցներին տրամադրելու կարգ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News 

հասարակական

Լրագրողական կազմակերպությունները  հայտարարությամբ  հանդես են եկել պետության կողմից նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված խնդիրների վերաբերյալ տեղեկություններ և մեկնաբանություններ տրամադրելու առնչությամբ։ Հայտարաութությունը ստորեւ.

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, գոհունակությամբ ենք ընդունել այն, որ ՀՀ կառավարությունը մարտի 25-ին վերանայեց մարտի 16-ի իր որոշումը և վերացրեց նոր կորոնավիրուսի հետ կապված խնդիրների լուսաբանման անհամաչափ սահմանափակումները։ Այդուհանդերձ, արձանագրում ենք, որ վերանայված դրույթներում հստակ նշված չէ այն լիազոր մարմինը, որն իրավասու է Պարետատան անունից լրատվամիջոցներին պաշտոնական տեղեկություն կամ մեկնաբանություն տրամադրել: Դա արտակարգ դրության մասին որոշման համապատասխան կարգավորումների արդյունավետ կիրառման խնդիրներ է առաջացնում:

Ելնելով ստեղծված իրավիճակում հանրության իրազեկված լինելու, ճշգրիտ, վստահելի և բազմակողմանի տեղեկություններ ստանալու անհրաժեշտությունից՝ կոչ ենք անում ՀՀ կառավարությանը անհապաղ սահմանել հայցվող տեղեկությունները ողջամիտ ժամկետներում լրատվամիջոցներին տրամադրելու հստակ ընթացակարգ և նշանակել դրա համար պատասխանատու մարմին:

Ինչպես և նախորդ հայտարարությունում, վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը` աջակցելու հանրության իրազեկումը պատշաճ կազմակերպելուն միտված ցանկացած հարցում:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ