Կեղծիք է․ Մասիս Մայիլյանը հերքում է, որ իրեն արգելել են մուտք գործել ՌԴ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News   

Մասիս Մայիլյան

Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը հերքում է այնն տեղեկությունները, թե իրեն արգելված է մուտք գործել ՌԴ տարածք։ Այս մասին Մայիլյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Ուշադրություն՝ ԿԵՂԾԻՔ է։

Մարտի 3-ին մի քանի կեղծարարներ տեղեկություն են տարածել այն մասին, որ իբր նախորդ օրվա երեկոյան իրենք տեղեկացել են ՌԴ իմ մուտքը արգելելու որոշման մասին։ Իսկ այսօր էլ մի «փաստաթուղթ» են սարքել, ըստ որի «որոշումն» ընդունվել է մարտի 11-ին։ Այսինքն՝ նրանք նույնիսկ իրենց կեղծիքների ժամանակագրությանը չեն հետևում։

Ավելորդ չէ նշել, որ մարտի 3-ի ապատեղեկատվությունը գրեթե միաժամանակ հրապարակել են որոշ հայաստանյան և ադրբեջանական կայքեր։ Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ տելեգրամի «Армянская телебашня» ալիքը հրապարակել է փաստաթուղթ, որը վկայում է Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի՝ ՌԴ մուտքի արգելքի սահմանումը։

Ըստ փաստաթղթի՝ Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ արգելված է 2020 թվականի մարտի 11-ից, և արգելափակված է մնալու 5 տարի ժամկետով՝ մինչև 2025 թվականի մարտի 11-ը։

Արգելանքը դրել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ), իսկ որպես պատճառ նշվել է այն, որ Մասիս Մայիլյանը ներկայացնում է սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգության համաւ։

Աղբյուրը նաև ուշադրության է հրավիրում այն փաստին, որ որոշման մեջ նշված անձնագրի սերիան դիվանագիտական է։