Դարի ահաբեկչության բացահայտման սպասումով

Արդարությունը Աստծո պատկերն է աշխարհի վրա:

Նապոլեոն Բոնապարտ

Thumbnail

Նիկոլ Փաշինյանը վարչապետի կարգավիճակում չգնաց Եռաբլուր և Պանթեոն, խոսեց եղածի մասին հակիրճ` իրեն հեռու դնելով ու մնալով զուտ իրավական շրջանակում` դրանով սովորական բնույթ տալով նյութին և գործի կասկածելի անկյունների, մութ հատվածների բացահայտման հնարավորությունը անորոշության մեջ պահելով: Նոր իշխանությունը դուրս մնաց օրվա ողբերգական ու կարևոր խորհրդից` էլ ավելի ակնհայտ հակադրության մեջ դնելով իրեն Վազգեն Սարգսյանի, Դեմիրճյանի համազգային միասնության ոգուց, իմաստից` հավատարիմ մնալով սև ու սպիտակի և բարիկադների հարազատ մոտեցմանը: Սա այսքան տարօրինակ ու տհաճ չէր լինի, եթե իրավիճակի լիդերը Փաշինյան Նիկոլը չլիներ, ում լրագրողական գլխավոր հետագծերից ու քաղաքական հաճախ հնչեցվող մեխերից չլինեին Հոկտեմբերի 27 - ի գործը,  նրա նշանակության մեկնումը, սպանված առաջնորդներին տրված բարձր գնահատականները: Հակված եմ մտածելու, որ Փաշինյանը ժամանակին անկեղծ է եղել իր վերլուծություն - մոտեցումներում` ոչ թե շարժվել է հարվածելու ու դիվիդենտներ հավաքելու մղումով: Պետականաշինության տեսանկյունից ճիշտ կլիներ, որ վարչապետը ցույց տար նահատակված վարչապետի գաղափարական և ծրագրային իրավահաջորդը լինելու նպատակը` սրանով ցույց տալով պետականության գնդակահարումից հետո հայկական ժամանակի կանգնած ժամացույցը շարժի մեջ դնելու կամքն ու վճռականությունը: Հոկտեմբերի 27 - ի գործի չբացահայտումը կհավասարեցնի նոր իշխանությանը նրանց հետ, ում դեմ պայքարել են հենց նույն "27" - ի գործիքով: Դա կպահի հասարակությանը մռայլության մեջ` անընդհատ հետ քաշելով դեպի անցյալ, որի պատմադատաստանի խարանը, միջազգային ամոթը, արվածի սահմռկեցուցիչ դաժանությունը, սպանվածների ուրվականները, կասկածի ժանգը մշտապես հետապնդելու են մեզ: Ըստ հռչակվածի պատմության մեջ անալոգը չունեցող հեղափոխությունը պիտի ի հայտ բերի դարի մեջ տեղ գտած ամենաահավոր ահաբեկչությունը: Ուղղելով ջարդված ողնաշարը և ուղղվելու լիցքեր վերցնելով: Կանխելով աղետի կրկնությունը, թափ տալով անեծքը ուսերից, վերականգնելով պատիվն ու հեղինակությունը, սերունդներին չթողնելով կասկածաշատ լարվածությունը: Ճշմարտությունից վեր ոչինչ չկա, արդարությունը բարձր է իրավականությունից և պետական գործչի գլխավոր առաքելություններից է անցյալը արժևորելով կառուցել նորը` հնի ճշմարիտ ֆունդամենտի վրա,  սփռել արդարադատություն մի բանի վրա, որի պատճառով շեղվեցինք ու որով պիտի շտկվենք:

Ռուբեն Վարդանյան

Պատմաբան