COVID-19-ի պատճառով ՌԴ-ի հայերը ստիպված կլինեն վերադառնալ Հայաստան. ՌԴ-ում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

հարություն

Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի շրջանակում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ի պատասխան հայերի շրջանում վարակվածների առկայության մասին հարցին, տեղեկացրել է, որ այս պահին կա լուր միայն մեկ ՀՀ քաղաքացու մասին, որը Սոչիում Կրասնոդար ժամանելուց հետո մեկուսացվել էր ինֆեկցիոն հիվանդանոցում։ 

Հարցին՝ կարանտինն ինչպե՞ս կազդեն Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա, Տողանյանը նշել է, որ տնտեսական հետևանքները լուրջ ազդեցություն կունենան նաև Հայաստանի վրա։

«Սահմանափակումները գործում են մի շարք ոլորտների վրա՝ շինարարություն, սպասարկման ոլորտ, մեծածախ առևուր, առևտրի կենտրոններ։ Սրանք կա՛մ սահմանափակված են, կա՛մ, կապված մարդկանց քանակի, սահմանափակումների հետ, համարյա չեն աշխատում կամ փակվելու եզրին են։ Դա կնշանակի, որ այս ոլորտում ներգրավված ՀՀ քաղաքացիները, ինչպես սեզոնային, այնպես էլ մշտապես բնակվող, և այդ ոլորտներում՝ շինարարության և առևտրի, ընդգրկվածների թիվն իսկապես շատ է, բնականաբար, այս պահին ունեն խնդիրներ իրենց համապատասխան ձեռնարկությունները կամ օբյեկտները փակելու, ժամանակավորապես դադարեցնելու, Հայաստան վերադառնալու։ Եվ սա օբյեկտիվ խնդիր է․ չունենալով եկամուտներ՝ ՌԴ-ում գտնվելու հնարավորություն մեծ մասի մոտ այլևս չի լինի, և ստիպված կլինեն վերադառնալ»-ասել է դեսպանը:

Վարդան Տողանյանը նաև նկատել է, որ խնդիրներ կծագեն քիչ ավելի ուշ, որովհետև սահմանափակումները նոր են սկսվել, և մարդիկ ժամանակի ընթացքում դեռ կկայացնեն վերադառնալու որոշում: