Քաղաքապետ չդարձած Սիմոնյանն այժմ էլ փորձում է Արարատ Միրզոյանի հետ ուժերը չափել. Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News 

քաղաքական

«Կորոնավիրուսի և արտակարգ դրության պատճառով մեր բազմաթիվ հայրենակիցներ ոչ միայն հիմնական եկամուտից, այլև շատերը Ռուսաստանի Դաշնություն մեկնելու հնարավորությունից են զրկվել: Այդ իսկ պատճառով Էդմոն Մարուքյանը դիմել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդին, որպեսզի այս հարցը քննարկվի, և համատեղ լուծումներ գտնվեն»,- 24News-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ և համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝  ՀՀ-ՌԴ սահմանը բասցելու խնդրանքով ուղղած նամակին։

Նա նշեց, որ խոսքն այն հազարավոր քաղաքացիների մասին է, որ, այսպես ասած, «հետ գցած»  գումար չունեն և ապրում են օրվա աշխատածով։ Խաժակյանը հավելեց նաև, որ այդ մարդիկ եթե երկար ժամանակահատված զրկված մնան ապրուստն ապահովելու միջոցներից, ապա կորոնավիրուսի տարածման վտանգին զուգահեռ առաջ կգա նաև մեկ այլ կարևոր խնդիր՝ սոցիալականը: Խաժակյանը հարց է բարձրացնում՝ ո՞վ պետք է անհանգստանա և գործի հանուն այդ քաղաքացիների ապրուստի։ 

«Լիահույս ենք, այս հարցում լուծումներ կգտնվեն, երկուստեք կերաշխավորվի բեռների անխափան փոխադրումը, քանի որ այս օրերին ունենք ահազանգեր, որ հայ վարարորդները, բեռներ տեղափոխվելիս, են բախվում։ Մարուքյանի առաջարկը կարող է միանշանակ չընդունվել միայն որոշ քաղաքական գործիչների կողմից, ովքեր, անտեսելով մեր հայրենակիցների առաջնային կենսական շահը, ձեռքերը ծալած նստում են պատգամավորական աթոռներին ու բավարարվում՝ առավելագույնը «գեղեցիկ» ելույթներ կամ ստատուսներ գրելով։  

«Լույս» խմբակցության ղեկավարը բացատրում է, որ Էդմոն Մարուքյանի՝ ԵԱՏՄ-ին ուղղված նամակն ուղղակիորն բխում է այն կուսակցության նախընտրական ծրագրից, որի համամասնական ցուցակում ներառվելով՝ Արման Բաբաջանյանը մանդատ է ստացել։ Ավելին՝ այն 374 ձայնը, որ ստացել է Բաբաջանյանը, քվեարկություն է եղել նաև հանուն նրա, որ Հայաստանը, ԵԱՏՄ անդամ լինելով, արդյունավետ փոխգործակցության միջոցով գործընկեր երկրների հետ առավելագույնս իրացնի տնտեսական հնարավորությունները։ 

«Ինչո՞ւ է նա այդպես արտահայտվում, որովհետև նպատակ չունի սպասարկելու իրեն ձայն տված ժողովրդի շահը, նպատակ չունի մեղմելու կորոնավիրուսի սոցիալական հետևանքները։ Ժամանակին ինձ շատերն էին ուղղում այդ հարցադրումը, թե ի՞նչ գործ ունի Բաբաջանյանը մեր ցուցակում, մեզ տարբեր փաստարկներ էին ներկայացնում նրա մասին։ Այդ փաստարկների իրավացի լինելը Բաբաջանյանն իր գործունեությամբ ամեն օր է ապացուցում: Ժամանակը կբացահայտի նրա իրական նպատակները, որոնք շատ հեռու են հեղափոխական թիմին աջակցելու դիրքավորումից։ Նկատած կլինեք, որ և՛ ԼՀ ներկայացուցիչները, և՛ ԼՀ նախկին երկու անդամները, որոնք ներկայումս «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ են, քաղաքական պայքարում զսպվածություն են ցուցաբերում միմյանց նկատմամբ։ Քաղաքական իմաստով դա բարոյական վարքագիծ է, ինչը ես շատ եմ կարևորում։ Իսկ Բաբաջանյանի յուրաքանչյուր խոսք ուղղված է մեր կուսակցության և անձամբ Մարուքյանի դեմ: Իսկ դա լավագույնս է բնորոշում նրա քաղաքական դիմագիծը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ իշխանություն-ընդդիմություն բանակռիվը հիմնականում Facebook-ում է տեղի ունենում՝ փոխադարձվող մեկնաբանությունների միջոցով, Խաժակյանը նշեց՝ իշխանությունը չի դադարում երկիրը Facebook-ով կառավարել: Որպես օրինակ նշեց՝ Facebook-ով կողմնոորշվում են արտակարգ դրություն հայտարարել, քաղաքացիներին ուղերձները Facebook-ով են հղում, ապավինում են Facebook-յան «ֆեյքերի» աջակցությանը։ 

«Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն, օրինակ, այդ հարցում առաջամարտիկ է։ Սիմոնյանի՝ այս օրերի ակտիվությունն էլ իր բացատրությունն ունի։ Քաղաքապետ դառնալ չստացվեց (հիշում եք պատգամավորական մանդատը վերցնելու, հետո հրաժարվելու, հետո կրկին հետ վերցնելու զավեշտալի պատմությունը), հիմա էլ որոշակի ներքին խնդիրներից օգտվելով՝ ուժերը փորձում է Արարատ Միրզոյանի հետ չափել: Բայց համոզված եմ՝ ո՛չ իր թիմը, ո՛չ էլ Փաշինյանը այդ ջանքերին լուրջ չեն վերաբերվում»,- ամփոփեց ԼՀԿ-ականը:

Վրույր Սևակ