«Նորք» ինֆեկցիոնում կորոնավիրուսով հիվանդ երկու պացիենտ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Կորոնավիրուս

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ երկու պացիենտ է մահացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։ 

Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը ցավոք չհաջողվեց...

Ցավակցում եմ նրանց հարազատներին»,- գրել է Թորոսյանը։ 

Մարտի 26-ին  «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդություն հետևանքով մահվան առաջին դեպքը։ Մահացել էր  72-ամյա պացիենտ:

Նա ունեցել էր կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։