ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ երկու պացիենտ է մահացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։
Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը ցավոք չհաջողվեց...
Ցավակցում եմ նրանց հարազատներին»,- գրել է Թորոսյանը։
Մարտի 26-ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդություն հետևանքով մահվան առաջին դեպքը։ Մահացել էր 72-ամյա պացիենտ:
Նա ունեցել էր կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։