Պատրիկ Դևեջյանի մահն անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News     

Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսիացի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ: «Մեծագույն կսկիծով տեղեկացա ֆրանսիացի քաղաքական գործիչ, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ, մեր հայրենակից Պատրիկ Դևեջյանի մահվան մասին։

Հայաստանի Հանրապետության կառավարության, հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի հասարակական և քաղաքական կյանքում կարևոր ներդրում բերած մեծ գործչի կորստյան կապակցությամբ։

Պատրիկ Դևեջյանի մահը, կարելի է ասել, մեծն Շառլ Ազնավուրից հետո, անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար, ով այդ եղբայրական մտերմության վառ խորհրդանիշ էր։ Դևեջյանը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման և ֆրանսահայությանը հուզող հարցերի առաջմղման պայքարի շուրջ 50-ամա պայքարի անմնացորդ նվիրման մարմնավորումն էր։

Այս ծանր պահին մեր աղոթքներով վշտակցում և սատարում ենք Պատրիկ Դևեջյանի ընտանիքին և մերձավորներին»,- ասված է վարչապետի հեռագրում։

Ավելի վաղ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրել էր

«Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնթաթող նախարար Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից:

Սա ծանր հարված է ֆրանսիահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային: Պատրիկ Դևեջյանը մահացել է այս գիշեր, 75 տարեկան հասակում, կորոնավիրուսից:

Ցավակցում եմ բոլորիս»:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը մահացել է մարտի 28-ի լույս 29-ի գիշերը։

Հայազգի 75-ամյա քաղաքական գործիչը Covid-19-ի ախտորոշմամբ հոսպիտալացվել էր,  գտնվում էր բժիշկների հսկողության տակ։
 

Տեսանյութեր

Live

Լրահոս