Մասիս Մայիլյանը պարզաբանել է հեռուստաբանավեճին չմասնակցության իր պատճառները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

մայիլյան

Արցախի Հանրային հեռուստատեսության եթերում երեկ տեղի է ունեցել Արցախի նախագահի թեկնածուների բանավեճը։ Բանավեճին չի մասնակցել Մասիս Մայիլյանը: Նա ֆեյսբուքյան իր էջում՝ գրառմամբ պարզաբանել է չմասնակության պատճառները: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Իմ պաշտոնական և հանրային գործունեության ընթացքում միշտ էլ նախընտրել եմ հանրային բանավեճերին մասնակցել և ըստ ամենայնի խրախուսել եմ մտքերի փոխանակությունը, նախապես իրենից կախվածն անելով բանավեճի համար առողջ ու անկաշկանդ մթնոլորտ ստեղծելու համար»։

Ըստ Մայիլյանի՝ հեռուստաբանավեճի առաջարկվող ձևաչափը չի կարող արդյունավետ լինել և դժվար թե նպաստի թեկնածուների դավանած սկզբունքների ու ծրագրային դրույթների առավելս հանրայնացմանը, ինչը, ըստ էության, պետք է լինի նման բանավեճի նպատակը։ 

«Արմատական բարեփոխումների մեր հայեցակարգն այս դժվարին պայմաններում հնարավորինս ներկայացվել է ընտրողներին, հուսով եմ՝ նույնը հասցրել են անել մյուս թեկնածուները։
Ինքս հարցեր չունեմ մյուս թեկնածուներին և հուսով եմ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ժողովուրդը բոլոր թեկնածուներից կարողացել է ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները։ Իսկ մեր հարցերի ու ակնկալիքների պատասխանը հենց ժողովուրդն է տալու՝ մարտի 31-ին իր քվեարկությամբ։ Բոլորին կոչ եմ անում իրենցից կախվածն անել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների ապահովման համար»:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին, Արցախում կանցկացվեն համընդհանուր՝ նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ։
Արցախի նախագահական ընտրությունների համար առաջադրել են իրենց թեկնածությունը Վիտալի Բալասանյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Իշխանյանը, Աշոտ Ղուլյանը, Հայկ Խանումյանը և այլք։