Արցախի համապետական ընտրություններին ներկա կլինեն 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

արցախ

Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։ Այս մասին մարտի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

«Արցախի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ–ում հավատարգմագրվել է 963 դիտորդ, ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է զանգվածային լրատվության միջոցների 231 ներկայացուցիչ»,– նշել է Արզումանյանը։

ԿԸՀ նախագահը նաև հավելել է.«Առաջին անգամ է, որ պայմանավորված կորոնավիրուսով, Արցախի Հանրապետությունում իրենց մասնակցությամբ ընտրությունները պատվելու և միջազգային դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ստացած 38 երկրից 140 դիտորդներ և 40 ԶԼՄ ներկայացուցիչ հնարավորություն չունեն ներկա գտնվելու այս ընտրություններին»:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին, Արցախում կանցկացվեն համընդհանուր՝ նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ։
Արցախի նախագահական ընտրությունների համար առաջադրել են իրենց թեկնածությունը Վիտալի Բալասանյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Իշխանյանը, Աշոտ Ղուլյանը, Հայկ Խանումյանը և այլք։