Ուհանում՝ կորոնավիրուսի օջախում, 6-րդ օրն է՝ նոր դեպքեր չեն գրանցվել. Reuters

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

չինաստան
Reuters-ը գրում է, որ Չինաստանում արդեն չորրորդ օրն է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվի նվազեցում է նկատվում: Վերջին մեկ օրում Չինաստանում գրանցվել է վարակման 31 նոր դեպք:

Վիրուսի օջախում՝ Ուհան քաղաքում, արդեն 6-րդ օրն է՝ նոր դեպքեր չեն գրանցվել: Երկամսյա կարանտինից հետո մարդիկ վերադառնում են իրենց բնականոն կյանքին:

Չնայած հիվանդացության նվազմանը՝ իշխանությանը մտահոգում է հնարավոր «երկրորդ ալիքը», որը կարող է տեղի ունենալ այլ երկրներից քաղաքացիների վերադարձի ժամանակ: Ուստի մարտի 28-ից Չինաստանը ժամանակավորապես դադարեցրել է արտասահմանցիների մուտքը երկիր, կիրակի օրվանից կտրուկ սահմանափակվել է միջազգային չվերթների թիվը:

Նկատենք, որ այս պահին Չինաստանը վարակվածների թվով աշխարհի երկրների ցանկում 4-րդն է: Առաջինում ԱՄՆ-ն է, երկրորդում՝ Իտալիան, երրորդում՝ Իսպանիան: Ըստ Չինաստանի առողջապահության նախարարության՝ վարավածների 93 տոկոսն արդեն ապաքինվել է: