Վիրավորում ստացած 2 զինծառայողները տեղափոխվում են Երևան. ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

հիվանդանոց

Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այժմ տեղափոխվում են Երեւան, քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին: Առողջություն հակառակորդի ոտնձգությունը վճռականորեն կասեցրած մեր զինծառայողներին»,- գրել է նա։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ էր շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են:

Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետեւանքով թեթեւ վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել էր Բաղանիս եւ Ոսկեւան գյուղերը, ինչի հետեւանքով վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում: Երեխան այս պահին տեղափոխվում է «Սուրբ Աստվածամայր» բկ։