Եթե անհրաժեշտ լինի, միջնորդությամբ հանդես կգամ նաև Սերժ Սարգսյանի համար. Բակո Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

«Բնականաբար, դա չի կարող հաճույք պատճառել ոչ միայն ինձ, ոչ միայն Արցախի քաղաքացիներին, այլև առավել քան համոզված եմ, նաեւ Հայաստանի քաղաքացիներին եւ ընդհանրապես հայ ժողովրդին»,-քվեարկությունից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անազատության մեջ գտնվելուն և Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին:

«Խոսում ենք առաջնորդների մասին, որոնք ժամանակին ղեկավարել են ազգային ազատագրական պայքարը: Սկզբնական շրջանում նաև կազմակերպել են զինված դիմադրությունը: Հետագայում այդ մարդիկ իրենց մասնակցությունն են բերել բանակաշինության գործին, մասնակցություն են ունեցել մեր հայրենիքի բարօրությանը: Պարզ է, որ չի կարող նրանց ներկայիս վիճակը չառաջացնել այդ ոչ հասարակ տրամադրությունները մեր ժողովրդի մոտ»,-ասել է Բակո Սահակյանը:

Արցախի նախագահն անդրադարձել է դիտարկմանը, թե վերջիններիս իշխանության ժամանակ «մարտի 1» է եղել, 10 մարդ է սպանվել, և այդ սպանության պատասխանատուներին տարիներ շարունակ չեն գտել:

«Եթե դուք նկատել եք, այս ամբողջ ընթացքում մենք ցուցաբերել ենք այդ զգաստությունն ու զսպվածությունը, և մեր խոսքը կառուցելիս, մեկնաբանությունները տալիս իրավական գնահատականներ չենք տվել: Լինի դա մեր միջնորդությունը դատարանում, լինեն այլ գործողություններ մեր կողմից նախաձեռնված, միայն նպատակ էին հետապնդում իմ կողմից նշված իրողությունը հաշվի առնելով, որ մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնց մասնակցությունը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ դժվար է չգնահատել: Այսօր կա դատական գործընթաց, մենք պարտավոր ենք ցուցաբերել անհրաժեշտ վերաբերմունքը և հարգել նաև դատական գործընթացի շրջանակներում տեղի ունեցող զարգացումները»,-ասել է Բակո Սահակյանը:

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու իրենց միջնորդությունը չի դիտվում որպես ՀՀ ներքին գործերին միջամտություն, Արցախի նախագահը պատասխանել է. «Ես դեմ եմ այդպիսի մեկնաբանություններին: Վերջին հաշվով մենք խոսում ենք մեկ հայրենիքի մասին, և այդ զարգացումները տեղի են ունենում մեկ հայրենիքի շրջանակներում:

Դուք գիտեք, որ մենք ապրում ենք մեկ հայրենիքում, երկու պետությունում: Ես չեմ գտնում, որ նման միջնորդությունները խախտում են ձեր կողմից նշած կարգն ու կանոնները: Ես ճիշտ հակառակն եմ մտածում, և ինչպես նախկինում, ապագայում էլ առաջնորդվելու եմ այդ մտածելակերպով: Չեմ կարծում, որ սրանով մենք լրացուցիչ լարվածություն ենք սերմանում կամ լրացուցիչ բարդություններ ենք ստեղծում: Մենք խոսում ենք այնպիսի դերակատարների մասին, որ ես չեմ կարող անտարբեր լինել այդ ամենի մասով»,-ասել է Արցախի նախագահը, ապա հավելել, որ եթե անհրաժեշտ լինի նման միջնորդությամբ հանդես կգա նաև Սերժ Սարգսյանի համար: