Կորոնավիրուսի համար Էրդողանի սկսած դրամահավաքը հայտնվել է քննադատությունների թիրախում

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News  

Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հեռուստակապով անցկացրած կառավարության նիստից հետո հայտարարել է «Ազգային համերաշխության արշավ» անվանումով դրամահավաք սկսելու մասին: Ըստ Թուրքիայի նախագահի՝ «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով արշավի նպատակը պետության կազմակերպած դրամահավաքի արդյունքում գոյանալիք գումարով կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում երկրի նվազ եկամուտ ունեցող բնակիչներին լրացուցիչ օգնություն ցույց տալն է: Ընտանիքի, աշխատանքի ու սոցիալական ծառայությունների նախարարությունը այդ նպատակով արդեն հատուկ հաշվեհամար է բացել: Գրել է Ermenihaber-ը։

Էրդողանը նշել է, որ դրամահավաքի առաջին նվիրատուն կլինի անձամբ ինքը՝ դրան ուղղելով իր 7 ամսվա աշխատավարձը: Նա կոչ է արել կառավարության բոլոր անդամներին, իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նահանգային կառույցներին, մեջլիսի պատգամավորներին, քաղաքապետարաններին, ինչպես նաև խոշոր գործարարներին ու բարերարներին, մասնակցել դրամահավաքին:

Էրդողանի (7 ամսվա աշխատավարձ) ու կառավարության անդամների (5.2 մլն լիրա/791 hզ. դոլար) հանգանակություններով մեկնարկած այս նախաձեռնությունը սակայն ոչ միանշանակ է ընդունվել երկրի տարբեր շրջանակների կողմից:

Պետական համակարգի մի շարք պաշտոնյաներ, իշխանություններին մոտ կանգնած շրջանակներ, որոշ գործարարներ և կազմակերպություններ հայտարարել են իրենց մասնակցության մասին՝ արդեն սկսելով հանգանակությունները:

Արշավը, սակայն, հայտնվել է ընդդիմադիր կուսկացությունների ու մի շարք այլ քաղաքացիների քննադատությունների թիրախում:

Նրանցից շատերը իրենց զարմանքն են արտահայտել Էրդողանի քայլերի վերաբերյալ՝ նշելով, որ այս օրերին, երբ ողջ աշխարհում տարբեր երկրների իշխանությունները գումարներ են փոխանցում քաղաքացիների հաշիվներին, Էրդողանն ինքն է քաղաքացիներից փող ուզում:

Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն Twitter-ի գրառմամբ կասկած է հայտնել հավաքվելիք գումարի արդար բաշխման վերաբերյալ՝ նշելով, որ տարիներ շարունակ այլ պետական ֆոնդերին փոխանցված գումարները «մեջ-մեջ են արվել»:

«Մենք մեզ բավարար ենք, բայց դուք մեզ չեք բավարարում: Ժողովուրդն այստեղ է, իսկ ու՞ր է սոցիալական պետությունը»,- գրել է Քաֆթանջըօղլուն:

«Մյուս երկրները կորոնավիրուսի դեմ պայքարող ժողովրդին գումարային օգնություն են տրամադրում, մենք ժողովրդից ենք սպասում ֆինանսական օգնություն:

Երկրաշարժի ժամանակ դրամահավաք, համաճարակի ժամանակ դրամահավաք»,- գրել է ԺՀԿ-ի պատգամավոր Էնգին Օզքոչը՝ նշելով, որ նախագահականը այսպիսով հայտարարել Թուրքիայի սնանկանալու մասին:

Դրամահավաքը քննադատել է նաև քրդամետ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը:

«Աշխարհի առաջնորդները քաղաքացիներին գումար փոխանցում, իսկ Էրդողանը իր հաշվեհամարն է տալիս քաղաքացիներին՝ խնդրելով փող փոխանցել»,- գրել է Փայլանը: