Արցախի տարածքում կիրառվող սահմանափակումները 10 օրով երկարաձգվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

արցախ

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածության դեպքերի քանակի աճից, Արցախի Հանրապետության կառավարության՝ «Արցախի Հանրապետության ողջ տարածքում հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին» 2020թ․ մարտի 26-ի N202-Ա որոշման գործողության ժամկետը երկարաձգվել է 10 օրով: Այս մասին տեղեկացնում է Տեղեկատվական շտաբը։

Տվյալ որոշման համաձայն, հանրային իշխանության մարմինների և նրանց ենթակա կազմակերպությունների գործունեության նկատմամբ մինչև մարտի 31-ը սահմանվել են մի շարք սահմանափակումներ։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հանրապետության հանրային իշխանության մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում հեռավար/առցանց եղանակով կատարելուն՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը, հանրային իշխանության մարմինների վարչական շենքերում աշխատակիցների մուտքն արգելելուն, եթե առանձին աշխատակիցների մասով առկա չէ մարմնի ղեկավարի ցուցումը:

Բացի այդ, կառավարության տվյալ որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման գրասենյակների գործունեությունը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սահմանափակվել դրանց գործունեությունը՝ էապես նվազեցնելով աշխատանքային ժամերն ու անձնակազմի թիվը։

Կառավարության N 202-Ա որոշմամբ նաև նախատեսվել է, որ առցանց ծառայությունների առկայության դեպքում ծառայությունները մատուցվում են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ դրա անհնարինության պարագայում՝ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում. կառավարության որոշման համաձայն, քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց պաշտոնական կայքէջերի, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցներով կհրապարակեն մարմինների գործող հեռախոսահամարների, կայքէջերի, էլեկտրոնային փոստի հասցեների և կապի այլ միջոցների վերաբերյալ տվյալներ: