Կողմերի զսպվածությունը կարևոր է այն ժամանակ, երբ մեր առջև կա նոր սպառնալիք՝ կորոնավիրուս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

․

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին մարտի 30-ին զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի հետևանքով տուժել են զինծառայողներ և վիրավորում է ստացել քաղաքացիական անձ: 

«Տվյալ փաստերը չեն նպաստում երկու հարևան պետությունների սահմանին իրավիճակի կարգավորմանը և վկայում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության մակարդակով ձեռք բերված հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ պայմանավորվածության խախտման մասին», - այս մասին ասված է ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրության մեջ, փոխանցում է «Интерфакс»-ը: 

Ստանիսլավ Զասը նշել է, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս կողմերին հորդորել են լուծել հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով և զերծ մնալ սադրիչ գործողություններից։

«Կողմերի զսպվածությունը և իրավիճակի կայունացումը հատկապես կարևոր են այն ժամանակ, երբ մեր բոլորի առջև կա նոր սպառնալիք՝ կորոնավիրուսի պանդեմիան, որը չի ճանաչում սահմաններ ու ազգություններ»,- հավելել է Զասը:

Տեսանյութեր

Live

Լրահոս