Ընտրությունների ընթացքում թեժ գծին ստացել ենք ահազանգեր, օգնել ենք քաղաքացիներին. ԱՀ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

ահմիպ

«Ահա և ավարտվեց քվեարկությունը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը արտակարգ ռեժիմով հետևում է քվեարկության և դրա արդյունքների ամփոփման ընթացքին»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Օրվա ընթացքում մեր 116 թեժ գծին ստացել ենք մի շարք ահազանգեր, կոնկրետ դեպքերով օգնել ենք անձանց իրենց իրավունքների պաշտպանության հարցում:
Հետևել ենք նաև լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում հարյուրավոր հրապարակումների, որոնց մի մասում առկա էին տարբեր բնույթի ահազանգեր:
Առաջիկա օրերին ի մի կբերենք մեր կատարած աշխատանքները և կհրապարակենք միջանկյալ ամփոփումը: Պաշտպանի լիազորություններին վերաբերող ահազանգերը կընթացքավորենք և մեր ունեցած գործիքակազմով ավելի մանրամասն ուսումնասիրություններ կկատարենք: Իսկ ավելի երկար ժամանակահատվածում կվերլուծենք նաև համակարգային ու օրենսդրական խնդիրները և հանդես կգանք համապատասխան առաջարկներով:
Նախքան այդ, իմ լիազորությունների շրջանակներում անելու եմ ամեն ինչ, որ իրավապահ մարմինները պատշաճ կերպով ընթացքավորեն բոլոր առերևույթ իրավախախտումները և համապատասխան վարույթների միջոցով տան իրավական գնահատականներ: Կարևոր է, որ քրեական գործ հարուցելու առիթների և հիմքերի առկայության դեպքում իրավապահ մարմինները հարուցեն նաև քրեական գործեր, որպեսզի հնարավոր լինի բոլոր հանգամանքներն ուսումնասիրել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ կերպով»: