ԱԺ-ն 3-րդ արտահերթ նիստի ժամանակ 2-րդ ընթերցմամբ կողմ քվեարկեց զանգերը ֆիքսելու նախագծին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

աժ

ԱԺ երրորդ արտահերթ նիստի ժամանակ, որի օրակարգում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցն է և կից փաթեթը, պատգամավորները 71 կողմ, 0՝ դեմ և ձեռնպահ ձայնով կողմ քվեարկեցին նախագծին:

Ըստ նախագծի՝ արտակարգ դրության դեպքում բջջային ցանցի օպերատորները պարտավոր են համապատասխան որոշմամբ սահմանված ձևով և կարգով պետական մարմիններին տրամադրել հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ  և հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը, իսկ այսօր՝ երկրորդ ընթերցմամբ չընդունվեց, քանի որ ընդդիմադիր երկու խմբակցությունները «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կոչով չմասնակցեցին քվեարկությանը: Կառավարությունը դարձյալ արտահերթ նիստ հրավիրեց, որի ժամանակ դարձյալ առաջին ընթերցմամբ ընդունվեց նախագիծը, սակայն առանց ընդդիմության ներկայացուցիչների, որոնք այդպես էլ չներկայացան խորհրդարան: