Ինչո՞ւ ԱՀԿ-ն այլևս չի հրապարակում COVID-19-ից ապաքինվածների մասին տվյալները․ «Ռիա Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

կորոնա

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այլևս տվյալներ չի հրապարակում աշխարհում կորոնավիրուսային վարակից ապաքինվածների թվի մասին, քանի որ ոչ բոլոր երկրներն են հայտնում այդ տվյալները: Այդ մասին ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիկ Յազարևիչը հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը:

«Ինչ վերաբերում է Չինաստանի սահմաններից դուրս ապաքինման դեպքերին, ապա մենք չունենք տարբեր աղբյուրներից միասնական տվյալներ այն մասին, թե քանի մարդ է պաշտոնապես բուժվել COVID-19-ից, քանի որ ոչ բոլոր երկրներն են պարբերաբար հաղորդում այդ տվյալները»,-ասել է նա:

ԱՀԿ-ի համաձայն՝ հիվանդը կարող է դուրս գրվել հիվանդանոցից, երբ առնվազն 24 ժամվա ընթացքում վերջինիս կրկնակի թեստը բացասական պատասխան է ցույց տվել։

Հիշեցնենք, որ ԱՀԿ-ն մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Այսօր արդեն աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 860 հազար դեպք, 42 334-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 178 125 մարդ։ Վարակը տարածվել է աշխարհի 206 երկրում: